Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հայկական վարագույրը՝ Մուհամմադ մարգարեի տանը. Այիշայի վկայությունը

Հայկական վարագույրը՝ Մուհամմադ մարգարեի տանը. Այիշայի վկայությունը
27.11.2026 | 11:23

Քչերը գիտեն, որ դասական իսլամական կրոնական գրքերում պահպանվել է մի ուշագրավ վկայություն 7-րդ դարում Մուհամմադ մարգարեի կնոջ տանը գտնվող հայկական իրի մասին։ Ընդ որում՝ այս պատմության աղբյուրը ոչ թե հայ պատմիչ է, քրիստոնյա ժամանակագիր կամ եվրոպացի ճանապարհորդ, այլ հենց ինքը՝ Այիշա բինթ Աբու Բաքրը։

Ո՞վ էր Այիշան

Այիշան (մոտ 614–678 թթ.) իսլամի պատմության ամենահայտնի կանանցից մեկն է.
• Մուհամմադ մարգարեի կինը,
• առաջին խալիֆ Աբու Բաքրի դուստրը,
• Մուհամմադի կյանքի, արարքների և ասույթների մասին հադիսների (ավանդությունների) գլխավոր փոխանցողներից մեկը,
• իսլամական աստվածաբանության և կրոնական իրավունքի գիտակ,
• կին, որի անունից իսլամական ավանդույթում փոխանցվել է ավելի քան երկու հազար հադիս։
Ըստ իսլամական աղբյուրների՝ հենց նրա կացարանում է Մուհամմադն անցկացրել իր կյանքի վերջին օրերը, վախճանվել և հուղարկավորվել։

Ի՞նչ էր պատմում Այիշան հայկական իրի մասին

Իմամ Ան-Նասաիի (829–915 թթ.) իսլամական ավանդությունների հանրահայտ «Աս-Սունան ալ-Կուբրա» ժողովածուում պահպանվել է Այիշայի հետևյալ պատմությունը.
وَعَلَى عَرْضِ بَيْتِهَا سِتْرٌ أَرْمَنِيٌّ
«Իսկ նրա կացարանի լայնքով հայկական վարագույր էր կախված»։
Ըստ ավանդության՝ Մուհամմադը, վերադառնալով ռազմական արշավանքից, տեսնում է այդ վարագույրը և դիմում Այիշային հետևյալ խոսքերով.
يَا عَائِشَةُ مَا لِي وَلِلدُّنْيَا
«Ո՛վ Այիշա, ի՞նչ գործ ունեմ ես աշխարհիկ կյանքի հետ»։
Դրանից հետո նա հանում է վարագույրը՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունն աշխարհիկ զարդարանքների նկատմամբ։ Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք արաբերեն أَرْمَنِيٌّ (արմանի) բառին, որը նշանակում է «հայկական»։

Երկրորդ իսլամական աղբյուրը

Նույն ավանդությունը տեղ է գտել նաև մուսուլման նշանավոր աստվածաբան և հադիսագետ Ալ-Բայհակիի (994–1066 թթ.) «Աս-Սունան ալ-Կուբրա» ժողովածուում։ Նրա տարբերակում լրացուցիչ հստակեցվում է, որ Մուհամմադը վերադառնում էր Թաբուքի արշավանքից, որը տեղի է ունեցել 630 թվականին։
Արաբերեն բնագիրը.
وَعَلَى عَرْضِ بَيْتِي سِتْرًا إِرْمَنِيًّا
«Իսկ իմ կացարանի լայնքով հայկական վարագույր էր կախված»։
Մտածեք միայն՝ մեր թվարկության 630 թվական։ Դեռ չէին սկսվել արաբական արշավանքները դեպի Հայաստան, դեռ չէին առաջացել սելջուկների և օսմանցիների պետությունները, իսկ Մուհամմադի ընտանիքի կյանքը նկարագրող իսլամական ավանդության մեջ արդեն հիշատակվում է «հայկական» անվանվող իրը։
Սա հրաշալի վկայություն է այն մասին, թե պատմական Հայաստանի սահմաններից որքան հեռու կարող էր հայտնի լինել նրա նյութական մշակույթը։ Այս պատմության առանձնահատուկ արժեքն այն է, որ այն պահպանվել է հենց մուսուլմանական կրոնական գրավոր ժառանգության մեջ։ Նկարագրվող իրադարձությունները վերաբերում են գրեթե 1400 տարվա վաղեմության դարաշրջանի, իսկ ավանդության արաբերեն բնագրերն այսօր հասանելի են յուրաքանչյուրին։

Աղբյուրներ
1. Ան-Նասաի, «Աս-Սունան ալ-Կուբրա», հադիս № 8901 (այլ համարակալմամբ՝ № 8627) — sunnah.com
2. Ալ-Բայհակի, «Աս-Սունան ալ-Կուբրա», հատոր 21, էջ 127, հադիս № 21023 — dorar.net/h/aVW9Kqo5?osoul=1
3. Իսլամական կրոնական տեքստերի սաուդյան պորտալ՝ Ան-Նասաիի հադիսի արաբերեն բնագիրը — sunna.alifta.gov.sa
4. Հադիսների «Ադ-Դուրար աս-Սանիյա» իսլամական հանրագիտարան — dorar.net/h/MwSnI28E?osoul=1
Ան-Նասաին և Ալ-Բայհակին ներկայացնում են միևնույն ավանդության տարբերակները, այլ ոչ թե երկու անկախ վկայություններ։ Հենց հայկական վարագույրին վերաբերող մանրամասնի արժանահավատությունն առանձին գնահատական է պահանջում, սակայն դրա առկայությունը երկու դասական իսլամական ժողովածուներում հաստատվում է արաբերեն բնագրերով։
Հայ ժողովրդի պատմությունը պահպանվել է ոչ միայն հայկական ձեռագրերում, քրիստոնեական տարեգրություններում և անտիկ երկերում։ Դրա հետքերը կարելի է հայտնաբերել նույնիսկ հենց Մուհամմադի կյանքի մասին պատմող դասական իսլամական կրոնական գրքերի էջերում։

Սերգեյ ՇՈՒՇԻՆՍԿԻ

Հ․Գ․
Պատմական մասշտաբն ավելի պատկերավոր դարձնելու համար փորձենք զուգահեռ անցկացնել. սա նույնքան ծանրակշիռ վկայություն է, որքան եթե Հիսուսի տանը հանկարծ որևէ ադրբեջանական իր՝ գորգ կամ գործվածք հիշատակվեր, կամ գոնե նման մի հիշատակում պահպանված լիներ առաքյալների գրվածքներում։ Բայց, իհարկե, 7-րդ դարում ապրած Այիշան էթնիկ ադրբեջանական ոչինչ չէր կարող իմանալ պարզ պատճառով. պատմության այդ շրջանում նման հանրույթ պարզապես գոյություն չուներ, մինչդեռ հայկական ձեռագործն ու արհեստագործական համբավն արդեն իսկ համաշխարհային բրենդ էին։
Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ